ՎԵՐԱՄՇԱԿՎԱԾ ՀՈՒՄՔԻՑ ՇԵՆՔԵՐ
Պլաստիկ շշերը և հին դռները դեռ նետո՞ւմ եք աղբարկղը։ Կենցաղային պլաստիկը, ապակին, թիթեղյա տարաները, հին կահույքը կարող են հիանալի նյութեր լինել ձեր ապագա տունը կառուցելու համար: Մենք որոշեցել ենք ցույց տալ հիանալի օրինակներ, թե ինչպես կարելի հնացած իրերից ստեղծել բոլորովին նոր ու եզակի մի բան, որը կարող է մեկից ավելի անգամ ծառայել մարդուն և հաճելի լինել նրա աչքին: Վերամշակված հումքից իրականացված ճարտարապետությունը հարգանք է բնության նկատմամբ: Ստորև ներկայացնում ենք դրանցից մեկը.
Երկհարկանի տաղավար BBC Studios-ի համար
Հեղինակներ՝ Universal Design Studio և Giles Miller
Universal Design Studio-ն և Giles Miller-ը նախագծել են երկհարկանի տաղավար, որն իր «առաքելությունը» կատարելուց հետո կարող է ապամոնտաժվել և նորից օգտագործվել, իսկ ծառայության ժամկետի ավարտից հետո վերամշակվել: Տաղավարը պատվիրվել է աշխարհի խոշորագույն հեռուստատեսային նյութեր արտադրողներից մեկի՝ BBC Studios-ի կողմից, Կաննում MIPCOM ցուցահանդեսի համար՝ հաճախորդներին զվարճացնելու, ընկերության բովանդակությունը ներկայացնելու և «ապրանքանիշը ֆիզիկապես մարմնավորելու» նպատակով:
«Մենք ստեղծել ենք խորհրդանշական ժամանակավոր կառույց, որը կարող է կրկին օգտագործվել երեք տարվա ընթացքում՝ հնարավորություն տալով ճանապարհորդել աշխարհով մեկ՝ մասնակցելու BBC-ի ցանկացած այլ կարևոր իրադարձության : Այնուհետև կառույցը կվերամշակվի»,- ասել է Universal Design-ի Associate Studio-ի տնօրեն Ռիչարդ Ռայանը: Տաղավարը կարելի է հավաքել և ապամոնտաժել 6 օրվա ընթացքում: Այն ամբողջությամբ պատրաստված է վերամշակված նյութերից, երկաթե հենքով և հազարավոր փոքր ալյումինե շերտավոր վահանակներով, որոնք կազմում են ճակատը և վերահսկում են արևի լույսն ու ստվերը տաղավարում: Տաղավարի ներսում կան գրասենյակներ, կոնֆերենս սրահներ, ինչպես նաև բաց հանրային տարածքներ։
«Ֆասադը հիանալի կերպով համադրվում է ճարտարապետական ֆունկցիոնալության ու քանդակային կոմպոզիցիայի հետ»- ասել է Giles Miller Studio-ի հիմնադիր Ջաելս Միլլերը:
Նշենք, որ Giles Miller Studio-ն Լոնդոնում գործող ճարտարապետական և դիզայնի ստուդիա է, որն ուսումնասիրում է նյութերի և լույսի փոխկապակցվածությունը:

