Հայկական ճարտարապետություն
Խոսե՞նք հայկական ճարտարապետությունից
Ուրիշ ինչը կարող է այնքան հետաքրքիր լինել, եթե ոչ Հայկական ճարտարապետությունը։ Գաղտնիք չէ, որ հայկական ճարտարապետական ոճը ստեղծվել և օգտագործվում է հայ ժողովրդի կողմից Հայկական լեռնաշխարհում և նրա սահմաններից դուրս։ Հայկական ճարտարապետությանը բնորոշ են զարգացման բարձր մակարդակը, գեղարվեստական հարուստ ավանդույթները և հատկապես ազգային ինքնատիպությունը, որը, բացի բնական պայմաններից, կացութաձևից և ժողովրդական ակունքներից, պայմանավորված է նաև տեղական շինանյութերի, հատկապես տուֆի բազմազանությամբ ու գեղարվեստաֆիզիկական հատկանիշներով։
Հայկական ճարտարապետությունը խարսխված է ազգային մշակույթի հարուստ ավանդույթների վրա։ Կարևոր են նաև այլ ժողովուրդների հետ մշակութային շփումներն ու փոխազդեցությունները։ Հայրենի (Թորոս Թորամանյան և ուրիշներ) և օտար (Ֆրեդերիկ Դյուբուա, Շառլ Դիհլ, Յոզեֆ Ստրժիգովսկի, Նիկողայոս Մառ և ուրիշներ) հեղինակներից շատերը նշել են հայկական միջնադարյան ճարտարապետության ազդեցությունը Արևմտյան Եվրոպայի ճարտարապետության վրա։

